«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական գործունեությանը զուգահեռ բազում հպարտանալու առիթներ ենք ունենում նաև գիտական և կրթական ոլորտում, երբ կլինիկական օրդինատորներ-ղեկավար համագործակցությունը այսպիսի արդյունքներ է տալիս։
ԵՊԲՀ մասնագիտական և շարունական կրթության կենտրոնի Պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․ Փառանձեմ Խաչատրյանը հրավիրվել էր մասնակցելու Եվրոպայի Պաթոլոգների Միության կազմակերպած ամենամյա համաժողովին։
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացած համաժողովին նրա ջանքերով մասնակցել են նաև Պաթոլոգիայի ամբիոնի օրդինատորներ Լուսինե Նազանյանը և Անիել Դենին (Սեյշելներից)։ Լուսինե Նազանյանը հանդես է եկել «Մեմբրանոզ դիսմենորեան Տերների համախտանիշով բուժառուի մոտ. դեպքի նկարագրություն» թեմայի վերաբերյալ էլեկտրոնային պոստերով, որն արժանացել է դրամաշնորհի։
Մեմբրանոզ դիսմենորեան հազվադեպ հանդիպող գինեկոլոգիական խանգարում է, որն առաջանում է կանանց ընդամենը 1%-ի մոտ, մենստրուացիայի ժամանակ հորմոնալ դիսբալանսի ֆոնին էնդոմետրիումի հանկարծակի և ամբողջական շերտազատման արդյունքում։ Այն ուղեկցվում է արյունահոսությամբ և որովայնի շրջանում սուր ցավերով:
Փառանձեմ Խաչատրյանը նշում է, որ այս դեպքը հետաքրքրաշարժ է նրանով, որ Տերների համախտանիշով աղջիկների և կանանց մոտ մենստրուալ ցիկլը խիստ անկանոն է և մենարխե դիտվում է ընդամենը 20% դեպքերում, իսկ մեմբրանոզ դիսմենորեայի զուգակցումը նման գենետիկ խանգարման հետ էլ ավելի հազվադեպ երևույթ է։
Համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած ախտաբանները ներկայացրել են իրենց փորձը, նորանոր զարգացումները պաթոլոգիայի ոլորտում, կիսվել իրենց պրակտիկայում հանդիպած հետաքրքիր և բարդ դեպքերով։ Առանձնակի ուշադրության է արժանացել մոլեկուլային ախտաբանության և արհեստական բանականության դերը ախտաբանության բնագավառում։
Փառանձեմ Խաչատրյանի խոսքով՝ ձեռք բերված գիտելիքը և արտերկրի գործընկերների հետ կապերի ամրապնդումը հիմք կհանդիսանան Հայաստանում պաթոլոգիայի արդիականացման և ժամանակակից համակարգեր ներդնելու համար։
.png)